Ձեր գրպանի անվտանգությունը

Գրպանահատության դեպքերի զգալի մասը լատենտային է, քանի որ տուժողներից շատերը կա՛մ կորցրած գումարի չափից ելնելով, կա՛մ այլ պատճառաբանությամբ նախընտրում են ոստիկանություն չդիմել:

Գրպանահատությունն այն հանցագործություններից է, որոնց դեպքում հանցագործ-տուժող կապն անմիջական է: 

Գրպանահատները հիմնականում գործում են մարդաշատ վայրերում եւ, որպես կանոն, միայնակ չեն լինում. շատ դեպքերում բացահայտվելուց կամ բռնվելուց խուսափելու համար նրանք ունենում են աջակիցներ, որոնք անհրաժեշտության դեպքում կարող են ուշադրություն շեղել կամ գողոնն աննկատ հեռացնել դեպքի վայրից:

Յուրաքանչյուր աչալուրջ մարդ շուկաներում կամ տոնավաճառներում կարող է ի հայտ բերել գրպանահատներին. նրանք, որպես կանոն, ոչ թե ապրանքատեսակներով են հետաքրքրվում, այլ գնորդների դրամապանակներով, պայուսակներով ու գրպաններով: Մեկը թիրախն է ընտրում, ապա հարմար թեկնածուի դեպքում նշան տալիս գործընկերոջը, որն էլ հարմար առիթ ստեղծելով` հրմշտոց կամ ուշադրությունը շեղող մեկ այլ հնարք, ձեռքը տանում է զոհի պայուսակը կամ գրպանը, հանում դրամապանակը, որն անմիջապես փոխանցում է այդտեղով անցնող երրորդ ընկերոջը: Եվ այսքանից հետո, եթե նույնիսկ տուժողը նույն պահին հասկանում է, որ դրամապանակն անհետացել է, միևնույն է, չի կարողանում դրա կորստի մեջ մեղադրել իր կողքին հայտնված կասկածելի անծանոթին, քանի որ իրեղեն ապացույցն արդեն բոլորովին այլ մարդու մոտ է:

⚠️Եթե գրպանահատը գիտակցում է, որ իր «հմուտ ձեռքերն» անզոր են նպատակին հասնելու համար, գործի է դնում կտրող գործիքներ:

⚠️Գրպանահատները հիմնականում նախընտրում են գործել հասարակական տրանսպորտում, շուկաներում, խանութներում, բանկոմատների հարևանությամբ և այլն:

✔️ Գրպանահատներից պաշտպանվելու կանոններ

Գրպանահատների գործողություններից չտուժելու համար անհրաժեշտ է խստորեն պահպանել մի շարք պարզ, բայց կարևոր կանոններ։

💰 Կանխիկ գումար
Առևտրի գնալիս աշխատեք ձեզ մոտ չպահել նախատեսվածից ավելի գումար։ Հնարավորության դեպքում նախընտրեք անկանխիկ վճարման միջոցները՝ պլաստիկ քարտերը։

🧾 Գումարի պահպանում
Եթե կանխիկ գումար ունենալն անհրաժեշտ է, այն մի պահեք մեկ տեղում։ Բաժանեք մասերի և տեղավորեք տարբեր գրպաններում։ Նախընտրելի են ներքին գրպանները՝ ամրակներով կամ փակվող տարբերակներով։

👝 Դրամապանակի անվտանգություն
Խուսափեք դրամապանակը հետևի գրպանում պահելուց։ Լրացուցիչ անվտանգություն են ապահովում պարանոցից կախվող կամ գոտու վրա ամրացվող դրամապանակները։

👜 Կանանց համար խորհուրդ
Պայուսակները միշտ պահեք փակ վիճակում։ Մարդաշատ վայրերում դրանք պահեք առջևում և ձեռքով վերահսկեք։ Սուպերմարկետներում պայուսակը մի թողեք սայլակի մեջ։

👀 Ուշադրություն
Խուսափեք դրամապանակի պարունակությունը հատկապես մարդաշատ վայրերում հրապարակավ հաշվելուց։ 

✔️ Անվտանգ վարքագծի կանոններ մարդաշատ վայրերում
Հասարակական տրանսպորտում կամ մարդաշատ վայրերում պայուսակը պահեք ձեր առջևի հատվածում՝ վերահսկելի դիրքում։

  • Ուսապարկ օգտագործելիս այն տեղափոխեք ձեր առջև՝ տեսադաշտում պահելու համար։
  • Բանկոմատներից օգտվելիս եղեք զգոն․ մի ցուցադրեք ձեր կանխիկ գումարը և PIN կոդը։
  •  Խուսափեք անծանոթ անձանց կողմից առաջարկվող «օգնությունից»՝ հատկապես ֆինանսական գործարքների ժամանակ։
  • Ուշադրություն դարձրեք ձեր շուրջը կասկածելի վարքագիծ դրսևորող անձանց։
  • Նախընտրեք կայծակաճարմանդով կամ ապահով փականով պայուսակներ։
  • Կարևոր փաստաթղթերը (անձնագիր, բանկային քարտեր) պահեք առանձին և առավել ապահով հատվածում։
  • Հեռախոսը և դրամապանակը մի պահեք բաց կամ հեշտ հասանելի գրպաններում։
Գողության կամ կորստի դեպքում

🚨անհրաժեշտ է անհապաղ դիմել ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն՝ օպերատիվ արձագանք ապահովելու և համապատասխան միջոցառումներ իրականացնելու նպատակով։

Կոնտակտային տվյալներ

🚨 ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն
📱 Հեռախոսահամար՝ 112
🕒 Աշխատում է՝ 24/7 (շուրջօրյա)