Նախապատմություն

🔹 «Հանրապետության ոստիկանության Վետերանների խորհուրդ» հասարակական կազմակերպությունը ստեղծվել է 1970 թ․ օգոստոսի 31-ին։

🔹 Վետերանների խորհրդի առաջին նախագահը եղել է 3-րդ դասի կոմիսար (համապատասխանում է ոստիկանության գեներալ-մայորի կոչմանը) Գուրգեն Ակոպովը, որը նախագահել է մինչև 1981 թվականը:

🔹 Հետագայում Խորհրդի նախագահ են եղել՝
Էդվարդ Մնացականյանը (1981-2000 թթ.),
Ռոման Բաբայանը (2000-2008 թթ.),
Դավիթ Մովսեսյանը (2009-2011 թթ.):

🔹 2012 թ. փետրվարից մինչ օրս Վետերանների խորհրդի նախագահն է Գրիգորի Աբովյանը:

🔹 Ներքին գործերի նախարարության (Ոստիկանության) վետերանները մեծ ավանդ ունեն համակարգի կայացման ու զարգացման հարուստ պատմության մեջ։

Նրանցից շատերը հերոսական ճանապարհ են անցել Հայրենական Մեծ պատերազմի, իսկ հետագայում՝ մեր երկրի սահմանների պաշտպանության տարիներին։

Մեծ Հայրենականի տարիներին իրենց անունը փառքով պսակած Սովետական Միության հերոսներ Այդին Հարությունյանը, Անդրանիկ Մանուկյանը, Սուրեն Առաքելյանը և Սուրեն Պետրոսյանը ծառայել են Հայաստանի միլիցիայի համակարգում։

🔹 Վետերանների խորհրդի 2003 թ. օգոստոսի 6-ի համաժողովում որոշում է կայացվել դուրս գալ հանրապետական խորհրդի կազմից և ստեղծել ինքնուրույն կազմակերպություն, որը օգոստոսի 29-ից արդեն կոչվել է Հանրապետության ոստիկանության Վետերանների խորհուրդ:

Համաժողովում ընդունվել է նաև կազմակերպության կանոնադրությունը։

🔹 2007 թվականից Վետերանների խորհրդի նախագահը միաժամանակ հանդիսանում է Ոստիկանության պետի խորհրդականը:

🔹 2008 թ. Երևան քաղաքի և հանրապետության մարզերի ոստիկանության վարչություններում ստեղծվեցին վարչության պետերի օգնականների պաշտոններ՝ տարածքային վետերանական կազմակերպությունների ղեկավարների պարտականություններով,

իսկ 2015 թ. փետրվարից ոստիկանության Երևան քաղաքի վարչության պետի օգնականի պաշտոն ստացան նաև ութ վարչական շրջանների Վետերանների խորհրդի նախագահները:

Հաստատվեցին նաև ոստիկանության ստորաբաժանումների հետ համագործակցության ձևաչափերն ու կարգը:

🔹 Կազմակերպության բարձրագույն ղեկավար մարմինը համաժողովն է, որը գումարվում է հինգ տարին մեկ:

🔹 Կազմակերպությունն աջակցում է հասարակական կարգի պահպանման, հանցագործությունների բացահայտման և կանխարգելման գործողություններին,

կազմակերպում է ռազմահայրենասիրական, մշակութային, դաստիարակչական միջոցառումներ,

մասնակցում է օրենսդրության կատարելագործմանն ուղղված առաջարկությունների մշակմանը,

միջոցներ է ձեռնարկում կազմակերպության անդամների և նրանց ընտանիքների սոցիալական և իրավական խնդիրների լուծման համար,

մասնակցում է կարիքավոր վետերանների, հաշմանդամների, թոշակառուների և նրանց ընտանիքների անդամների, ինչպես նաև ծառայողական պարտականությունները կատարելիս զոհված աշխատակիցների ընտանիքների անդամների բարեգործական, սոցիալական, առողջապահական օժանդակության ցուցաբերման աշխատանքներին։