Հայաստանի Հանրապետության  զինանշան
ՀՀ Ներքին գործերի նախարարություն Ոստիկանություն
Համակարգի լրատու

Արարատի մարզի քրեական և համայնքային ոստիկանները ապօրինի պահվող հրացաններ են հայտնաբերել

04 նոյեմբեր 2026 • 13:58

Քրեական ոստիկանության Արարատի մարզային վարչության ծառայողները օպերատիվ տեղեկություն էին ստացել, որ Շահումյան գյուղի 46-ամյա բնակիչը ապօրինի պահում է զենք-զինամթերք։ 

Նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակում կատարված զննությամբ 46-ամյա տղամարդու տանը հայտնաբերվել են ողորկափող մեկփողանի հրացան և փամփուշտներ, որոնք առգրավվել են։

Ապօրինի պահվող զենք-զինամթերքի առգրավման դեպք է գրանցվել նաև Համայնքային ոստիկանության Արմավիրի բաժնում։ 

Համայնքային ոստիկանները տեղեկություն էին ստացել, որ Նոր Կեսարիա գյուղի 41-ամյա բնակիչը բնակության հասցեում զենք-զինամթերք է պահում։

Նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում կատարված զննությամբ 41-ամյա տղամարդու տնամերձ հողամասում գտնվող տնակում հայտնաբերվել են մեկփողանի ողորկափող որսորդական հրացան և փամփուշտներ։

ՆԳՆ ոստիկանությունը հավաստիացնում է, որ ապօրինի պահվող զենք-զինամթերքի հայտնաբերման ու առգրավման միջոցառումները շարունակվելու են առավել հետևողականությամբ: