Հայաստանի Հանրապետության  զինանշան
ՀՀ Ներքին գործերի նախարարություն Ոստիկանություն
Համակարգի լրատու

Համայնքային ոստիկանների բացատրական աշխատանքի արդյունքում զենք-զինամթերքի կամավոր հանձնման դեպքեր են արձանագրվել

22 հուլիսի 2026 • 10:55

Համայնքային ոստիկանության Կոտայքի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքի արդյունքում ապօրինի պահվող զենք-զինամթերքը կամավոր հանձնելու հերթական դեպքն է գրանցվել։ 

Ոստիկանություն զանգած քաղաքացին հայտնել էր, որ զենք-զինամթերք է թողել Արզնի գյուղ տանող ճանապարհի հարակից դաշտում։ Նրա նշած վայրում համայնքային ոստիկանները հայտնաբերել են «ՌԳ» տեսակի 6 նռնակ, «ԱԿՍ» տեսակի մարտական ինքնաձիգ, ատրճանակ, կարճեցված փողով 2 հրացան, նռնականետ, 3 նռնակ, նռնակի 2 պայթուցիչ, ինքնաձիգի լիցքավորված պահեստատուփեր, տարբեր տրամաչափի փամչուշտներ։  

Ապօրինի պահվող զենք-զինամթերքի կամավոր հանձնման դեպք է գրանցվել նաև Համայնքային ոստիկանության Մասիսի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքի արդյունքում։ 

Ոստիկանություն զանգած քաղաքացին զենք-զինամթերք էր թողել Նոր Կյուրին գյուղի եկեղեցու հետնամասում։ Համայնքային ոստիկանները նշված վայրում հայտնաբերել են «Կարաբին» տեսակի հրացան, 2 նռնակ, տարբեր տրամաչափի փամփուշտներ, ինքնաձիգի փամփշտատուփեր։
 
Հիշեցնենք, որ այն դեպքերում, երբ ապօրինի պահվող զենք-զինամթերքը իրավապահներն են հայտնաբերում և առգրավում, քրեական պատասխանատվությունն անխուսափելի է: Հետևեք կամավոր հանձնողների օրինակին և կխուսափեք քրեական պատասխանատվությունից: