Քրեական ոստիկանները զարգացնում են կիբեռհանցագործությունների դեմ պայքարի ոլորտում կարողությունները․ մեկնարկել է վերապատրաստման դասընթաց
26 հունիսի 2026 • 12:24
Կիբեռտարածությունում մարտահրավերները շարունակաբար փոխվում են և դրանց արդյունավետ հակազդելու համար անհրաժեշտ է ոչ միայն ժամանակակից գործիքակազմ, այլև ոլորտային մասնագետների բարձր պատրաստվածություն։ Այդ համատեքստում Հայաստանի և Ֆրանսիայի ՆԳ նախարարությունների սերտ համագործակցությամբ՝ հունիսի 22-ին ՆԳՆ կրթահամալիրում մեկնարկել է կիբեռհանցագործությունների դեմ պայքարի ոլորտում կարողությունների զարգացման դասընթացը։
«Այս դասընթացը թույլ կտա ՆԳՆ քրեական ոստիկանության գլխավոր վարչության ծառայողներին զարգացնել իրենց գիտելիքներն ու կարողությունները համակարգչային հանցավորության, կիբեռհանցավորության բացահայտման և դրա դեմ արդյունավետ պայքարի կազմակերպման ոլորտում»,- նշել է ՆԳՆ կրթահամալիրի պրոռեկտոր Միսակ Մարկոսյանը։
Հարավային Կովկասում Ֆրանսիայի ոստիկանության ատաշե Օլիվիե Լեֆեբրը ողջունել է վերապատրաստման մասնակիցներին և նշել, որ դասընթացը հնարավորություն կտա ծանոթանալ թվային հետաքննությունների, բաց աղբյուրների հետախուզության, կրիպտոարժույթների և Դարքնեթ միջավայրում տեղեկատվության հավաքագրման ու վերլուծության մեթոդներին։
ՆԳՆ կրթահամալիրի պրոռեկտոր Միսակ Մարկոսյանը մասնագիտական աջակցության համար շնորհակալություն է հայտնել ֆրանսիացի գործընկերներին՝ ընդգծելով, որ միջազգային առաջավոր փորձի փոխանակումը կնպաստի թե՛ ծառայողների հմտությունների կատարելագործմանը, թե՛ ՆԳՆ համակարգում արդի մոտեցումների ներդրմանը։
Վերապատրաստման կարևոր մասն են կազմում գործնական վարժությունները, որոնք մասնակիցներին հնարավորություն կտան ամրապնդել ձեռք բերած գիտելիքներն ու տարբեր սցենարային իրավիճակներում կիրառել դրանք։
Դասընթացը հերթական կարևոր քայլն է՝ Հայաստանի և Ֆրանսիայի ՆԳ նախարարությունների միջև գործընկերային կապի ամրապնդման և կիբեռհանցագործությունների դեմ պայքարի ոլորտում կարողությունների շարունակական զարգացման հանձնառության ուղղությամբ։