Լոռու մարզի քրեական ոստիկանները սպանության նախապատրաստության և փորձի հերթական դեպքն են բացահայտել
07 սեպտեմբեր 2026 • 16:30
Հուլիսի 16-ին՝ ժամը 20․55-ին, ահազանգ էր ստացվել «Վանաձոր» բժշկական կենտրոնից․ Հոբարձի գյուղից հրազենային վնասվածքներով բուժօգնության էր տեղափոխվել Կոտայքի մարզի Ջրվեժ գյուղի 30-ամյա մի բնակիչ։
Ոստիկանները պարզել էին, որ դեպքը տեղի է ունեցել Հոբարձի գյուղի մի հյուրատան մոտ, որտեղ հայտնաբերվել էին պարկուճներ, գնդակ ու փամփուշտներ:
Ստեփանավանի քննչական բաժնում նախաձեռնվել էր քրեական վարույթ՝ սպանության փորձի, խուլիգանության, մարդուն առևանգելու և ապօրինի կերպով հրազեն կրելու հատկանիշներով։
Հանցագործության բացահայտումը համագործակցված աշխատանքի արդյունք էր։ Քրեական ոստիկանության Լոռու և Կոտայքի մարզային վարչությունների, Համայնքային ոստիկանության Ստեփանավանի բաժնի և Ստեփանավանի քննչական բաժնի ծառայողների լայնածավալ օպերատիվ-հետախուզական միջոցառումների և քննչական գործողությունների արդյունքում պարզվել է, որ մինչ այս դեպքը Ջրվեժում տեղի ունեցած վեճի ընթացքում 30-ամյա տղամարդը ծեծի էր ենթարկել համագյուղացուն, որն էլ, հաշվեհարդար տեսնելու նպատակով, ընկերոջ հետ կազմակերպել էր նրա սպանությունը։
Տեղեկանալով, որ նա գտնվում է Հոբարձի գյուղի հյուրատանը, հուլիսի 16-ին ընկերները վարձել էին «Նիսան» մակնիշի մեքենա ու զինված մեկնել հյուրատուն։ Այստեղ միայն 30-ամյա տղամարդու ընկերն էր, որին բռնությամբ նստեցրել էին մեքենան ու տեղափոխել այլ վայր։ Հյուրատան մոտակայքում հանդիպել էր 30-ամյա տղամարդը, և սկսվել էր փոխհրաձգություն, որի ընթացքում էլ ստացած հրազենային վնասվածքներով տուժածը տեղափոխվել էր «Վանաձոր» բժշկական կենտրոն։
Սրանով, սակայն, խնդիրը չէր լուծվել։ Այս անգամ 30-ամյա տուժածի 35-ամյա աբովյանցի ընկերն էր փորձել վրեժ լուծել, ինչը իրավապահներին հաջողվեց կանխել։
Քրեական վարույթի շրջանակում կատարված խուզարկություններով և այլ քննչական գործողություններով հայտնաբերվել ու առգրավվել է «Մակարով» տեսակի մարտական ատրճանակ։
Հանցագործության մասնակից անձանց մի մասը հայտնաբերվել, ձերբակալվել ու ներկայացվել է նախաքննական մարմին։ Ձեռնարկվում են միջոցներ՝ մյուսներին հայտնաբերելու ուղղությամբ։
Նախաքննությունը շարունակվում է։