Հայաստանի Հանրապետության  զինանշան
ՀՀ Ներքին գործերի նախարարություն Ոստիկանություն
Համակարգի լրատուՏեսանյութեր

Բարությունն ու հոգատարությունը դրսևորվում են ոչ միայն խոսքերով, այլև միասին անցկացրած ջերմ պահերով. ՆԳՆ աշխատակիցները տոնական տրամադրություն են պարգևել «Հուսո տուն» բարեգործական կենտրոնի շահառուներին

27 հոկտեմբեր 2026 • 11:00

Երաժշտություն, պար, ջերմ ժպիտներ ու բարձր տրամադրություն․ հոկտեմբերի 23-ին «Հուսո տուն» բարեգործական կենտրոնում տոնական մթնոլորտ էր։ Առիթը «Հուսո տան» շենքի շահագործման 20-ամյակն ու «Գթության խոհանոց» բարեգործական ծրագրի 33-րդ տարեշրջանի մեկնարկն էին։

Ավելի քան երեք տասնամյակ իրականացվող ծրագիրը միտված է սոցիալապես անապահով և խոցելի խմբերի ներկայացուցիչներին աջակցելուն՝ նրանց առօրյան դարձնելով առավել բարեկեցիկ ու հոգատարությամբ լի։

Տոնական օրվա հյուրերի թվում էին Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը, միջազգային գործընկերներ, կամավորներ և կենտրոնի շահառուներ։

ՆԳ նախարարության և բարեգործական կենտրոնի համագործակցության շրջանակում տարբեր ձևաչափերով միջոցառումների անցկացումն արդեն գեղեցիկ ավանդույթ է դարձել։ Այս անգամ ևս ՆԳՆ մշակույթի կենտրոնի կազմակերպմամբ կենտրոնի շահառուների համար անցկացված միջոցառմանը ելույթներով հանդես են եկել ՆԳՆ ոստիկանության երգչախումբն ու ոստիկանության գվարդիայի երգի և պարի համույթը։

Օրը ևս մեկ անգամ հիշեցրել է, որ բարությունն ու հոգատարությունը դրսևորվում են ոչ միայն խոսքերով, այլև մարդկանց նվիրած ուշադրությամբ, միասին անցկացրած ջերմ պահերով ու անկեղծ ժպիտներով։