Արմավիրի համայնքային ոստիկանների բացատրական աշխատանքի արդյունքում մեծ զինանոց է հայտնաբերվել և առգրավվել
27 նոյեմբեր 2026 • 17:00
ՆԳՆ ոստիկանությունը շարունակում է ուշադրության կենտրոնում պահել ապօրինի պահվող զենք-զինամթերքի հայտնաբերման և առգրավման խնդիրը։
Այս ուղղությամբ հերթական արդյունքն են գրանցել Արմավիրի համայնքային ոստիկանները։ Նրանց բացատրական աշխատանքի արդյունքում քաղաքացին զանգահարել է ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն և հայտնել, որ զենք-զինամթերք է թողել Մրգաշատ գյուղի կամրջի մոտ։
Նշված վայր մեկնած ոստիկանները հայտնաբերել են ջնջված համարներով երեք ինքնաձիգ, 10 ողորկափող և մեկ օդաճնշիչ հրացան, գազային, օդաճնշիչ և մեկնարկային վեց ատրճանակ, երեք նռնակ, ավելի քան հազար փամփուշտ և այլ զինամթերք։
Կրկին հորդորում ենք քաղաքացիներին կամավոր հանձնել ապօրինի պահվող զենք-զինամթերքը։ Հիշեցնում ենք, որ օրենքով նախատեսված դեպքերում զենք-զինամթերքը կամավոր հանձնած անձն ազատվում է քրեական պատասխանատվությունից։