Արմավիրի քրեական ոստիկանները կանխել են Կողբավան գյուղում կազմակերպված ապօրինի արդյունահանումը․ ՍՊԸ տնօրենը ձերբակալվել է
24 սեպտեմբեր 2026 • 10:58
Ապօրինի արդյունահանման հերթական դեպքն են հայտնաբերել Քրեական ոստիկանության Արմավիրի մարզային վարչության ծառայողները։ Նրանք ստացել էին օպերատիվ տեղեկություն, որ սահմանափակ պատասխանատվությամբ մի ընկերության տնօրեն, խախտելով ընդերքի օգտագործման կանոնները և չունենալով վարձակալության պայմանագիր, Արմավիրի մարզի Կողբավան գյուղի վարչական տարածքում շուրջ 20 օր կազմակերպել է հրաբխային տուֆի արդյունահանում։
Տեղեկությունը հաստատվել է: Սեպտեմբերի 18-ին հիշյալ տեղամաս այցելելիս իրավապահները նկատել են աշխատող էքսկավատոր և տուֆով բարձված բեռնատար։
Ըստ նախնական տեղեկության՝ ապօրինի արդյունահանվել է շուրջ 120 խորանարդ մետր տուֆ, ինչի հետևանքով պետությանը և համայնքին պատճառվել է շուրջ 3 միլիոն 600 հազար դրամի վնաս։ Բարձված բեռնատարը տեղափոխվել է պահպանվող հատուկ տարածք։
Սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության տնօրենը ձերբակալվել և կազմված փաստաթղթերի հետ ներկայացվել է Արմավիրի մարզային քննչական վարչություն։
Հանգամանքները պարզվում են։