Արմավիրի համայնքային ոստիկանները ապօրինի պահվող զենք-զինամթերք են հայտնաբերել
02 հոկտեմբեր 2026 • 06:14
ՆԳՆ ոստիկանության ծառայողները հետևողականորեն շարունակում են ապօրինի պահվող զենք-զինամթերքի կամավոր հանձնման ուղղությամբ բացատրական աշխատանքները։
Համայնքային ոստիկանության Արմավիրի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքի արդյունքում ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն զանգած քաղաքացին հայտնել է, որ Արմավիր քաղաքից Հացիկ գյուղ տանող ճանապարհին՝ կամրջի տակ, զենք-զինամթերք է թողնել։
Համայնքային ոստիկանության Արմավիրի բաժնի ծառայողները նշված վայրում հայտնաբերել են «ԱԿՄ» տեսակի ինքնաձիգ, տարբեր տրամաչափի և տեսակի 5 հրացան, «Վալտեր» տեսակի ատրճանակ, 7,62 մմ տրամաչափի 29 փամփուշտով լիցքավորված փամփշտատուփ և ազդանշանային ու լուսաձայնային 2 ական:
ՆԳՆ ոստիկանությունը հորդորում է ապօրինի պահվող զենք-զինամթերքը կամավոր հանձնել ոստիկանություն՝ քրեական պատասխանատվությունից խուսափելու համար։