Հայաստանի Հանրապետության  զինանշան
ՀՀ Ներքին գործերի նախարարություն Ոստիկանություն
Համակարգի լրատուՏեսանյութեր

Էլեկտրոնային հսկողություն՝ ընտանեկան և կենցաղային բռնության կանխարգելման նպատակով․ համայնքային ոստիկանները մասնակցել են վերապատրաստման

17 նոյեմբեր 2026 • 08:36

Ընտանեկան և կենցաղային բռնության դեմ պայքարի, ինչպես նաև բռնությունից տուժած անձանց պաշտպանության արդյունավետության բարձրացման նպատակով ՆԳ նախարարությունն իրականացնում է էլեկտրոնային հսկողության համակարգի ներդրման գործընթաց։ Այն հնարավորություն կտա վերահսկելու բռնություն գործադրած անձանց նկատմամբ կիրառվող սահմանափակումների պահպանումը՝ նպաստելով բռնության կրկնության կանխարգելմանը և տուժած անձանց անվտանգության ապահովմանը։

Էլեկտրոնային հսկողության համակարգի տեխնիկական հնարավորություններին, շահագործման առանձնահատկություններին և գործնական կիրառման ընթացակարգերին ծանոթացնելու նպատակով նոյեմբերի 10-11-ը Համայնքային ոստիկանության տարբեր ստորաբաժանումների այն ծառայողների համար, որոնք անմիջականորեն ներգրավվելու են վերահսկողության այս մեխանիզմի կիրառման գործընթացում, կազմակերպվել է վերապատրաստման դասընթաց։

Մասնակիցներին ներկայացվել են համակարգի բաղադրիչները, դրանց գործարկման և կառավարման սկզբունքները, ինչպես նաև էլեկտրոնային ապարանջանների միջոցով սահմանված սահմանափակումների պահպանումը վերահսկելու հնարավորությունները։

« Վերապատրաստումներն ուղղված են հենց համայնքային ոստիկանության այն ծառայողների համար, որոնք ապագայում կիրառելու են սարքավորումները բռնություն գործադրած անձանց դեմ կիրառվող սահմանափակումներով, և բնականաբար, դրանք ուղղված են ինչպես սարքերից օգտվելու, այնպես էլ համապատասխան մշտադիտարկում իրականացնելու հմտությունների զարգացմանը»,-նշել է ՆԳՆ ոստիկանության ՀՈԳՎ մասնագիտական մեթոդական աջակցման վարչության պետ Գեորգի Խաչատրյանը։

Վերապատրաստումը միտված է համայնքային ոստիկանների մասնագիտական կարողությունների զարգացմանը՝ ապահովելու էլեկտրոնային հսկողության միջոցների պատշաճ կիրառումը, սահմանված սահմանափակումների պահպանման նկատմամբ արդյունավետ վերահսկողությունը և հնարավոր խախտումներին օպերատիվ արձագանքը։