Ոստիկանության գվարդիայի ծառայողները կատարելագործել են հասարակական կարգի պահպանության և անվտանգության ապահովման մասնագիտական կարողությունները
17 հոկտեմբեր 2026 • 06:00
Ֆրանսիայի ազգային ոստիկանության փորձագետները սեպտեմբերի 22-ից հոկտեմբերի 9-ը ՆԳՆ ոստիկանության գվարդիայում անցկացրել են հասարակական կարգի պահպանության և հասարակական անվտանգության ապահովման մարտավարական կարողությունների զարգացման վերապատրաստման դասընթացներ։
Փորձագետները ներկայացրել են զանգվածային միջոցառումների ժամանակ Ֆրանսիայի ազգային ոստիկանության կողմից կիրառվող մարտավարական հնարքներն ու գործողությունների կազմակերպման առանձնահատկությունները։
Դասընթացի մասնակիցները ծանոթացել են ամբոխի եռափուլ կառավարման գործիքակազմին, զանգվածային անկարգությունների կանխման ու կասեցման, ինչպես նաև իրավախախտների ձերբակալման և մեկուսացման մարտավարական մոտեցումներին։
Վերապատրաստման ավարտին ՆԳՆ ոստիկանության գվարդիայի հրամանատար-ոստիկանության պետի տեղակալ Հայկ Բաբայանն ընդունել է Ֆրանսիայի Հանրապետության ներքին գործերի նախարարության վերապատրաստման գծով Կովկասի պատասխանատու Վինսենտ Էհրհարդին։
Բարձր գնահատելով ֆրանսիական ոստիկանության փորձը՝ Հայկ Բաբայանը շնորհակալություն է հայտնել Ոստիկանության գվարդիայի ծառայողների մասնագիտական պատրաստվածության բարձրացման ուղղությամբ ներդրած ջանքերի համար։
Վինսենտ Էհրհարդը, կարևորելով Հայաստանի Ներքին գործերի նախարարության հետ սերտ համագործակցությունը, վերահաստատել է փորձի փոխանակումը շարունակելու ֆրանսիական կողմի պատրաստակամությունը։
Հանդիպմանը հաջորդել է վերապատրաստման ընթացքում յուրացված մարտավարական հնարքների ցուցադրական վարժանքը։
Վարժանքի սցենարը զարգացել է փուլային կերպով։
Սկզբում մոդելավորվել է խաղաղ հավաքի իրավիճակ, որի ընթացքում Ոստիկանության գվարդիայի ծառայողները ներկայացրել են օրինական պահանջներ։
Այնուհետև, ըստ սցենարի, հավաքի մասնակիցների մի մասը չի ենթարկվել օրինական պահանջներին, իրավիճակը աստիճանաբար սրվել է, իսկ ամբոխի վարքագիծը դարձել է անկառավարելի։
Իրավիճակի փոփոխությանը համապատասխան՝ ծառայողները փուլային կերպով փոխել են գործողությունների մարտավարությունը՝ կիրառելով վերապատրաստման ընթացքում ձեռք բերած գիտելիքներն ու հմտությունները։
Ցուցադրվել են հատուկ միջոցների և ջրանետ մեքենայի կիրառման, ինչպես նաև զանգվածային անկարգությունների ակտիվ մասնակիցների ձերբակալման և մեկուսացման գործողություններ։
Վարժանքի ավարտին վերապատրաստման մասնակիցներին տրվել են հավաստագրեր։
ՆԳՆ ոստիկանության գվարդիայի հրամանատար-ոստիկանության պետի տեղակալ Հայկ Բաբայանը ֆրանսիացի փորձագետներին հանձնել է շնորհակալագրեր։