Հայաստանի Հանրապետության  զինանշան
ՀՀ Ներքին գործերի նախարարություն Ոստիկանություն

Մալաթիայի համայնքային ոստիկանները Նորագյուղի 46-ամյա բնակչի տանը հայտնաբերել են 4,5 կիլոգրամ կանեփանման զանգված, դեղահաբեր և զենք-զինամթերք

12 նոյեմբեր 2026 • 16:00

Համայնքային ոստիկանության Մալաթիայի բաժնի ծառայողները ստացել էին օպերատիվ հավաստի տեղեկություն, որ Նորագյուղի բնակիչ 46-ամյա տղամարդը տանը պահում և իրացնում է թմրանույթ, նաև ապօրինի պահում է զենք-զինամթերք։
 
Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժնում նախաձեռնվեց քրեական վարույթ, որի շրջանակում նոյեմբերի 12-ին դատարանի որոշմամբ խուզարկություն կատարվեց նրա տանը։
 
Հայտնաբերվեց մեթադոնային լուծույթով ապակե տարա, ավելի քան 4,5 կիլոգրամ կանեփի չոր զանգված, կանեփի երկու թուփ, դեղնականաչավուն զանգվածներով երկու կաթուցիչ և տոպրակ, թմրանյութի նմանվող այլ զանգվածներ,  դեղահաբեր, փոշենման հետքերով տարա, երկու աղաց և էլեկտրոնային կշեռքներ, նաև՝ երկփողանի որսորդական հրացան, թմբուկավոր լիցքավորված ատրճանակ, փամփուշտներ ու նռնակ։
 
Նախաքննությունը շարունակվում է։