Հայաստանի Հանրապետության  զինանշան
ՀՀ Ներքին գործերի նախարարություն Ոստիկանություն
Համակարգի լրատու

Քննարկվել են ռադիոակտիվ /միջուկային նյութերի ապօրինի շրջանառության դեմ պայքարի հարցեր․ Բուխարեստում տեղի է ունեցել Ինտերպոլի «Գեյգեր» ծրագրի աշխատանքային խմբի հերթական հանդիպումը

30 հուլիսի 2026 • 13:30

Հուլիսի 21-ից 23-ը Ռումինիայի Բուխարեստ քաղաքում տեղի է ունեցել Ինտերպոլի «Գեյգեր» ծրագրի՝ Սև ծովի և Կովկասի  տարածաշրջանների աշխատանքային խմբի հերթական հանդիպումը, որի ընթացքում քննարկվել են ռադիոակտիվ /միջուկային նյութերի ապօրինի շրջանառության դեմ պայքարի հարցեր։ 

Միջոցառմանը մասնակցել են Հայաստանի, Ուկրաինայի, Մոլդովայի, Թուրքիայի, Ռումինիայի, Բուլղարիայի, Ադրբեջանի և Վրաստանի ներկայացուցիչները:
Հայկական պատվիրակության կազմում էին Փրկարար ծառայության տնօրենի տեղակալ Արթուր Վարդանյանը և ՔՈԳՎ պետի տեղակալ, ՀՀ-ում Ինտերպոլի ԱԿԲ պետ Նարինե Հակոբյանը:

Ներկայացվել են «Գեյգեր» ծրագրի շրջանակում իրականացված վերլուծությունների, ռադիոակտիվ/միջուկային նյութերի հայտնաբերման փաստերով իրականացված, ինչպես նաև կանխարգելիչ միջոցառումների արդյունքները, կարևորվել է տարածաշրջանի երկրների համագործակցության ընդլայնումն ու ամրապնդումը:  

ՀՀ պատվիրակության և Ինտերպոլի «Գեյգեր» թիմի ներկայացուցիչները երկկողմ հանդիպման ժամանակ քննարկել են ՀՀ-ում ռադիոակտիվ/միջուկային նյութերի ապօրինի շրջանառության դեմ պայքարում առկա խնդիրներն ու լուծումները, ինչպես նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր։