Համակարգի լրատուՏեսանյութեր

Լոռու մարզի քրեական ոստիկանները սպանության դեպք են կանխել․ կալանավորվել է երեք անձ, մեկը՝ ձերբակալվել

29 ապրիլի 2026 • 17:03

Քրեական ոստիկանության Լոռու մարզի ծառայողները ապրիլի 26-ին Վանաձոր քաղաքում սպանության դեպք են կանխել։

Ձեռնարկած համալիր օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում ապրիլի 17-ին քրեական ոստիկանները փաստական տվյալներ են ձեռք բերել, որ Վանաձոր քաղաքի բնակիչ մի խումբ երիտասարդներ 36-ամյա համաքաղաքացու հետ ունենալով թշնամական հարաբերություն՝ նախնական համաձայնությամբ նախապատրաստել են նրա սպանությունը, ինչպես նաև ավազակային հարձակումներ  ու բնակարանային գողություններ։ 

Պարզելով բնակության հասցեն՝ երիտասարդները  դարանակալումներ են իրականացրել 36-ամյա համաքաղաքացու տան մոտ։ 
Լոռու մարզային քննչական վարչությունում ապրիլի 18-ին դեպքի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել։ 
Ապրիլի 26-ին քրեական ոստիկանները պարզելով, որ Վանաձորի բնակիչ չորս երիտասարդ «Միցուբիշի» մակնիշի մեքենայով ընթանում են դեպի Անդրանիկի փողոց և իրենց մոտ ունեն ապօրինի պահվող հրազեն՝ հետապնդել են նրանց։ 

Չենթարկվելով ոստիկանների օրինական պահանջին՝ նրանք դիմել են փախուստի։ Սակայն ոստիկաններին հաջողվել է կանխել նրանց փախուստը, ձերբակալել և տեղափոխել մարզային վարչություն։ Նրանցից մեկի անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է 11 փամփուշտով լիցքավորված մարտական ատրճանակ։

Մեքենան տեղափոխվել է հատուկ պահպանվող տարածք։ 
Երեք անձ կալանավորվել է, մեկը՝ ձերբակալվել։
Քրեական վարույթի շրջանակում կատարված խուզարկություններով հանցախմբի անդամների և նրանց հետ փոխկապակցված անձանց բնակության հասցեներում հայտնաբերվել է տարբեր տեսակի զենք-զինամթերք։ 

Ձեռնարկվում են միջոցառումներ՝ հանցավոր խմբի մյուս անդամներին հայտնաբերելու ուղղությամբ։
Նախաքննությունը շարունակվում է։