Համակարգի լրատու

Հերքում. կրակոցներ չեն հնչել, Մասիսի համայնքային ու քրեական ոստիկաններն օպերատիվորեն արձագանքելով դեպքին՝ ձերբակալել են 9 անձի

13 մայիսի 2026 • 13:09

Որոշ լրատվական կայքեր մայիսի 11-ին Մասիս-Էջմիածին խճուղում գտնվող ավտոլվացման կետի մոտ տեղի ունեցած վիճաբանություն-ծեծկռտուքին անդրադառնալիս խեղաթյուրել են իրականությունը՝ նշելով, իբր հնչել են կրակոցներ։ 

ՆԳՆ ոստիկանությունը առաջնորդվում է բացառապես օրենքից բխող լիազորությունների շրջանակում՝ պատշաճ կատարելով գործառութային պարտականություններն ու հանձնարարականները։ Ոստիկանության ծառայողներին հանիրավի թիրախավորելն ու մանիպուլյատիվ այլ հնարքներն առնվազն հանրությանը մոլորեցնելու միտում ունեն։

Մայիսի 11-ի գիշերը, ժամը 1։30-ին, 112 օպերատիվ կենտրոնից Համայնքային ոստիկանության Մասիսի բաժին հաղորդում է ստացվել, որ Մասիս-Էջմիածին խճուղում գտնվող ավտոլվացման կետի մոտ մի խումբ անձանց միջև վիճաբանություն է։ Ահազանգով նշված վայր օպերատիվ խմբեր են մեկնել։ 

Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ ժամը 23։20-ի սահմաններում մի խումբ անձինք, կոպիտ կերպով խախտելով հասարակական կարգն ու բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսևորելով  հասարակության նկատմամբ, վիճաբանել, հայհոյել և հարվածներ են հասցրել միմյանց, ինչից հետո դեպքի վայրում թողնելով իրենց մեքենաները՝ դիմել են փախուստի։ 

Հետագա միջոցառումների արդյունքում վիճաբանության երեք մասնակից հայտնաբերվել, ձերբակալվել և տեղափոխվել է Մասիսի բաժին։
Քրեական ոստիկանության Արարատի մարզի և Համայնքային ոստիկանության Մասիսի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել են վիճաբանության մյուս մասնակիցների ինքնությունը և դեպքի որոշ հանգամանքներ։ Հայտնաբերվել, ձերբակալվել և բաժին են ներկայացվել վիճաբանության ևս վեց մասնակից։ 

Ձերբակալված անձինք կազմված փաստաթղթերի հետ ներկայացվել են նախաքննական մարմին։ 
Կոչ ենք անում ԶԼՄ գործընկերներին հրապարակել միայն ճշգրտված տեղեկատվություն և չխեղաթյուրել իրական պատկերը։ Ցանկացած տեղեկատվության վերաբերյալ պարզաբանումների կամ մեկնաբանությունների համար, պահպանելով գործընկերային հարաբերությունները, կարող եք դիմել ՆԳՆ հանրային հաղորդակցության և իրազեկման վարչություն։