Համակարգի լրատու

Էրեբունու համայնքային ոստիկաններն ապօրինի թմրաշրջանառության դեպքեր են բացահայտել

07 մայիսի 2026 • 06:25
  • Համայնքային ոստիկանության Էրեբունու բաժնի ծառայողները ստացել էին օպերատիվ տեղեկություն, որ Երևանի Պուշկինի փողոցում բնակվող 51-ամյա մի տղամարդ իրացնելու նպատակով բնակարանում պահում է թմրանյութ։
    Տեղեկությունը ստուգվեց, հիմնավորվեց, ու ապրիլի 27-ին Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում նախաձեռվեց քրեական վարույթ։ Նույն օրը զննություն կատարվեց 51-ամյա տղամարդու բնակության վայրում․ հայտնաբերվեցին էլեկտրական կշեռք, զիպ փականով բազմաթիվ տոպրակներ և վեց փաթեթ՝ լցված ընդհանուր ավելի քան ութ հարյուր գրամ դեղնականաչավուն զանգվածով։
    Ըստ տանտիրոջ՝ հայտնաբերվածը մարիխուանա է, այն ձեռք է բերել Տելեգրամյան հարթակի տարբեր օգտատերերից՝ իրացնելու նպատակով։

 

  • Իրացնելու նպատակով թմրամիջոց պահելուն վերաբերող մի տեղեկություն էլ Էրեբունու համայնքային ոստիկանները ստուգել ու հիմնավորել էին նախորդ օրը՝ ապրիլի 26-ին։
    Նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում զննություն էր կատարվել Սարի թաղում բնակվող օտարերկրյա քաղաքացի 28-ամյա տղամարդու տանը։ Այս դեպքում էլ հայտնաբերվել են էլեկտրական կշեռք ու տոպրակներ, մեկ փաթեթ՝ լցված 93 գրամ քաշով դեղնականաչավուն զանգվածով և փայլաթիթեղի ութ փաթեթ՝ ընդհանուր մոտ ութ գրամ նույն զանգվածներով։
    Օտարերկրացին հայտնել է, որ փաթեթներով մարիխուանան պատկանում է իրեն։
    Երկու դեպքով էլ նախաքննությունը շարունակվում է։