Համակարգի լրատուՏեսանյութեր

Համայնքային ոստիկանները ավտոմեքենաներից կատարված գողության դեպքեր են բացահայտել

15 ապրիլի 2026 • 13:35
Մարտի 25-ին 112 օպերատիվ կառավարման կենտրոն մեքենաներից կատարված գողությունների վերաբերյալ չորս հաղորդում ստացվեց։
 
Գողություններից երկուսը կատարվել էր Դավթաշենի 3-րդ թաղամասում․ գողացել էին «Տոյոտա» և «Սուբարու» մակնիշի մեքենաների համարանիշերը՝ թողնելով տելեգրամյան ալիքի հասցե։
Գողության երկու դեպք էլ կատարվել էր Անաստաս Միկոյան փողոցում․ գողացել էին «ԲՄՎ» և «Տոյոտա» մակնիշի մեքենաների համարանիշերը՝ դարձյալ թողնելով տելեգրամյան ալիքի հասցե։
 
Չորս դեպքերով էլ նախաձեռնվել էր քրեական վարույթ։
 
Համայնքային ոստիկանության գլխավոր վարչության օպերատիվ բաժնի և Համայնքային ոստիկանության Դավթաշենի բաժնի ծառայողների համատեղ ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների, ինչպես նաև քննչական գործողությունների արդյունքում պարզվել է, որ գողությունները կատարել է Երևանի 37-ամյա բնակիչը։
 
Ապրիլի 8-ին նա հայտնաբերվել, ձերբակալվել և տեղափոխվել է Համայնքային ոստիկանության Դավթաշենի բաժին, որտեղ խոստովանել է արարքը։
Գողոնը հայտնաբերվել է։
 
Նախաքննությունը շարունակվում է։